Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

Ղարաբաղի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է. Բակո Սահակյան

20.07.2016, 17:23
Պաշտոնական Ստեփանակերտը նպատակաուղղված աշխատանք է տանում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ:
Ղարաբաղի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական Ստեփանակերտը նպատակաուղղված աշխատանք է տանում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անեկով Lenta.ru-ին:

 «Ավելին, մենք կարծում ենք, որ դա զուտ ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է», - նշել է նա` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իսկապես արժանի է միջազգային ճանաչման:

«Մոտ մեկ քառորդ դար է, ինչ մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, որը սպառնալիք չի ներկայացնում միջազգային հանրությանը կամ առանձին վերցրած մեկ այլ երկրի», - հայտարարել է Սահակյանը:

Նա պատմել է, որ Ստեփանակերտը մշակել է բազմաստիճան քաղաքականություն` միջազգային ճանաչում ստանալու համար: «Սկսել ենք շրջանային և տարածաշրջանային մակարդակներից, ինչից հետո մտադիր ենք դուրս գալ համապետական մակարդակի: Եվ այս հարթությունում մենք արդեն նշանակալի հաջողություններ ունենք», - փաստել է Սահակյանը` հիշեցնելով, որ Ղարաբաղի անկախության ճանաչմանը կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մէն , Լուիզիանա, Կալիֆոռնիա, Ջորջիա, Հավայի նահանգները, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, Բասկերի երկիրը (ինքնավար հանրություն Իսպանիայի հյուսիսում), ինչպես նաև մի շարք առանձին խոշոր քաղաքներ, ինչպիսին է օրինակ Լոս Անջելեսը:

«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործունեությունն այս ուղղությամբ, և հուսով եմ, որ դեռ շատ երկրների վարչատարածաշրջանային միավորներ կճանաչեն մեր անկախությունը: Անկասկած, առանձնահատուկ շեշտ ենք դնում առանձին պետությունների կողմից ճանաչմանը», - ասել է նա:

Նրա խոսքով, վերջին մի քանի տարվա ընթացքում Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացն ավելի ակտիվ բնույթ է ձեռք բերել:

Սահակյանն ավելացրել է, որ Ղարաբաղում ուշադիր հետևում են աշխարհի տարբեր ծայրերում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման գործընթացներին: «Անկախություն են ձեռք բերել այնպիսի պոտություններ, ինչպիսիք են Կոսովոն, Հարավային Սուդանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, իրենց ինքնորոշման իրավունքից են օգտվել Քվեբեքը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ղրիմը: Վերջերս Մեծ Բրիտանիայի ժողովուրդը ինքնորոշվեց Եվրամիության կազմում իր ապագայի վերաբերյալ», - նշել է նա:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս օրինակներից յուրաքանչյուրը, անկախ արդյունքներից, կարևոր իրավաքաղաքական նախադեպ է ինքնորոշման իրավունքի կիրառական իրականացման հարցում: -0-