Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարություն կհամաձայնեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նախատեսում են համաձայնեցնել հայտարարություն Ղարաբաղի շուրջ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի նախաշեմին, այսօր` դեկտեմբերի 5-ին, ԵԱՀԿ միջնորդությամբ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Համապատասխան հայտարարություն արվել է մի քանի օր առաջ«, - ասել է զախարովան:
Ըստ նրա, նախատեսվում է հայտարարության համաձայնեցում հակամարտության կարգավորման շուրջ:
«Կարծում եմ, որ արդյունքների մասին լրագրողներին կհայտնեն բավականին մանրամասն», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է արդեն դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին:-0-