Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ադրբեջանի անզիջում քաղաքականությունը խանգարում է ղարաբաղյան հարցում առաջընթացին. Հայաստանի ԱԳ փոխնախարար

16.03.2015, 22:10
Ադրբեջանի անզիջում քաղաքականությունը խանգարում է ղարաբաղյան հարցում առաջընթացին, երկուշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Ադրբեջանի անզիջում քաղաքականությունը խանգարում է ղարաբաղյան հարցում առաջընթացին. Հայաստանի ԱԳ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի անզիջում քաղաքականությունը խանգարում է ղարաբաղյան հարցում առաջընթացին, երկուշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ադրբեջանական կողմը համաձայն չէ ոչ մի փոխզիջման։ Այն պահանջում է ամեն ինչ կամ ոչինչ, և, հետևաբար, առաջընթաց ակնկալել այս պայմաններում անիրատեսական է»,– նշել է Քոչարյանը։

Ըստ նրա, ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթուղթը, որը համարվում է բանակցությունների հիմք, այն չէ, ինչի մասին երազել է հայկական կողմը։ «Դա ընդամենը փոխզիջումային փաստաթուղթ է, որը փորձում է մոտեցնել կողմերի փոխադարձաբար բացառող մոտեցումները»,– նկատել է Քոչարյանը։

Ըստ նրա, երկար ժամանակ համարվում էր, որ կողմերի հակառակ դիրքորոշումների պատճառով անհնար կլինի որևէ լուծում գտնել։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը հիշեցրել է, որ մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումային առաջարկություններում տարածքային հարցեր էին բարձրացվում։ Միաժամանակ, նա հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ մինչ օրս վերահսկում է Ադրբեջանը` դա Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասն է և Շահումյանի շրջանը։

Միաժամանակ, Քոչարյանն ավելացրել է, որ տարածքների հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ թե Հայաստանը։

Ըստ նրա, ցանկալի է, իհարկե, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչը կդառնար խնդրի ուժային լուծման փորձերից հրաժարվելու երաշխիք։ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ դրանից հետո երկու կողմերը պետք է բանակցությունների միջոցով լուծեն բոլոր սահմանային հարցերը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-