Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Անկախ Ղարաբաղի կապը Ռուսաստանի հետ պետք է ոչ պակաս ուժեղ լինի, քան Հայաստանի հետ. Ալեքսանդրով

31.10.2013, 16:51
Ռուսաստանի հետ անկախ Լեռնային Ղարաբաղի կապը պետք է ոչ պակաս ուժեղ լինի, քան Հայաստանի հետ, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը։
Անկախ Ղարաբաղի կապը Ռուսաստանի հետ պետք է ոչ պակաս ուժեղ լինի, քան Հայաստանի հետ. Ալեքսանդրով
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ անկախ Լեռնային Ղարաբաղի կապը պետք է ոչ պակաս ուժեղ լինի, քան Հայաստանի հետ, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը։

Ռուս փորձագետը մասնակցում է հինգշաբթի Մոսկվայում մեկնարկած «Գյուլիստանի հաշտության պայմանագիր. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային համաժողովին, որը նվիրված է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Գյուլիստանի պայմանագրի 200–ամյակին։ Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների հայտնի պատմաբաններ ու քաղաքագետներ։

«Լեռնային Ղարաբաղն առաջին հայկական պետությունն էր, որը միացավ Ռուսաստանին։ Դա հրապարակավ արձանագրված է Գյուլիստանի պայմանագրում, և Ռուսաստանը որոշ առումով Լեռնային Ղարաբաղի համար ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան ժամանակակից Հայաստանի համար։ Ռուսաստանի հետ անկախ Լեռնային Ղարաբաղի կապը, գուցե, պետք է ոչ պակաս ուժեղ լինի, քան Հայաստանի հետ», – ասել է Ալեքսանդրովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով` Գյուլիստանի պայմանագրի այս կետը հնչել է համաժողովի ժամանակ, սակայն ժամանակակից քաղաքականության մեջ այն ընդհանրապես առկա չէ։

«Սա շատ կարևոր կետ է։ Պայմանագիրը սահմանեց Ռուսաստանի դերը` որպես տարածաշրջանում գլխավոր արտաքին քաղաքական ուժի, ի տարբերություն այլ, մասնավորապես` արևմտամետ գերտերությունների։ Ռուսաստանը, ըստ Գյուլիստանի պայմանագրի, տարածաշրջանում գերիշխող ազդեցություն ունի։ Եվ դա այսօր պետք է բոլորը գիտակցեն», – ընդգծել է փորձագետը։

Նա ավելացրել է, որ պայմանագիրը հայեցակարգային, բազային պարամետրերի հիմք է դրել վերջին 200 տարում Անդրկովկասի գոյության համար, և ոչ միայն Անդրկովկասի, այլև ռուսական Հյուսիսային Կովկասի մի մասի գոյության համար։

«Տարբեր փոփոխություններով, ուղղումներով, այնուամենայնիվ այդ հիմքերը դրվել են, և այդ պատճառով այս պայմանագիրն ունի սկզբունքային նշանակություն այն իրավիճակի համար, որը ստեղծվել է այժմ Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում», – ասել է Ալեքսանդրովը։

Նա, մասնավորապես, նշել է, որ համաժողովի ժամանակ հնչում են զեկուցումներ այն մասին, որ Կասպյան տարածաշրջանի կարգավիճակը ևս մեծ մասամբ որոշվում է այն պարամետրերով, որոնք նշվել են Գյուլիստանի պայմանագրում։ «Այդ պատճառով շատ ճիշտ որոշում է նշել այս կարևոր իրադարձության 200–ամյակը», – ասել է փորձագետը։
Նրա խոսքերով` համաժողովի նպատակն է նշել Գյուլիստանի պայմանագրի պատմական նշանակությունը, ինչպես նաև քննարկել նրա արդիականության հարցը Անդրկովկասում տիրող ներկա իրավիճակի համար։

«Համաժողովն անցնում է լավ ակադեմիական մակարդակի վրա, հնչում են լուրջ զեկուցումներ։ Ընդ որում, ելույթ են ունենում և ռուս, և հայ, և դաղստանցի գիտնականները։ Ակնկալվում է նաև թալիշների ներկայացուցչի ելույթը։ Ցավոք, բացակայում են ադրբեջանցի գիտնականները, սակայն ներկա են բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցներ։ Իմ կարծիքով` նրանք անգամ ավելի շատ են, քան հայկական լրատվամիջոցները», – նշել է Ալեքսանդրովը։

Առաջիկա բանավեճի ընթացքում նախատեսվում է քննարկել Գյուլիստանի պայմանագրի ազդեցությունը Կովկասի քաղաքական զարգացման վրա, ինչպես նաև կասպյան խնդիրը, ազգամիջյան հարաբերությունները, Կովկասի պետությունների փոխհարաբերություններն ու գերտերությունների ազդեցությունը։

Քննարկման արդյունքները կամփոփվեն տեղեկագրում, որը կտեղադրվի «Մատերիկ» կայքում (www.materik.ru)։

Հինգշաբթի կայացած համաժողովի բացման ժամանակ ողջույնի խոսքով ներկաներին են դիմել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով ևս աջակցել է այս համաժողովի կազմակերպմանը, ինչպես նաև ՌԴ–ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը։–0–