Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում։
«Այս ձեռքբերումների խոսուն վկայությունն են այս տարիների ընթացքում շուրջ 160 պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամակցումը, շուրջ 2000 միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրումը: Դա արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող՝ Հայաստանի Հանրապետության շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների հետևողական ջանքերի և եռանդուն աշխատանքի արդյունքն է», – նշվում է ուղերձում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում է գտնում միջազգային ասպարեզում, ինչը թույլ կտա Հայաստանի առջև ծառացած խնդիրներին լուծումներ գտնել և կնպաստի ազգային շահերին։
«Անցյալ տարի աշխարհի տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հազարավոր միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձավ նաև ձեր՝ դիվանագետներիդ գործուն ջանքերի շնորհիվ։ Մենք ականատես եղանք հայ ժողովրդի հետ համերաշխության բազմաթիվ դրսևորումների, ինչը ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված հերթական քայլ է», – ասել է նախագահը։
Նա խորհրդանշական է համարել, որ Դիվանագետի օրը նշվում է նոր շենքում, որը նախագծվել և կառուցվել է՝ հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության աշխատանքային և ներկայացուցչական առանձնահատկությունները։
«Համոզված եմ, որ այստեղ սկիզբ են առնելու նոր ստեղծարար գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք մեզ առավել մոտեցնելու են մեր պետության և ժողովրդի նվիրական նպատակների իրականացմանը», – նշվում է ուղերձում։
«Կրկին շնորհավորելով Դիվանագետի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում», – ընդգծել է նախագահը։ –0–