Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Անկարան կարող է հետ կանչել դեսպանին Մոսկվայից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ. ԶԼՄ

08.05.2015, 14:11
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պատմաբանների հետ հանդիպմանը չի բացառել Մոսկվայից իր դեսպանին հետ կանչելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ, հայտնել է հանդիպման մասնակից պատմաբան Մուսթաֆա Արմաղանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Անկարան կարող է հետ կանչել դեսպանին Մոսկվայից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պատմաբանների հետ հանդիպմանը չի բացառել Մոսկվայից իր դեսպանին հետ կանչելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ, հայտնել է հանդիպման մասնակից պատմաբան Մուսթաֆա Արմաղանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի մասնակիցներին ուղղված հեռագրում նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի ապրիլի 24–ն անվանել է «մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձությունների` հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված սգո օրվա հետ»։

Բացի այդ, ռուս առաջնորդն այցելել է Երևան` սգո միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Պետդուման իր հայտարարությունում «խորը վշտակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում ողբերգական իրադարձություններից տուժած այլ ժողովուրդներին»։

«Նախագահը ցույց տվեց, որ հեռախոսով քննարկել է այդ հարցը Պուտինի հետ, և ասել է նրան, որ վրդովված է։ Նրա խոսքով, Մոսկվայի հետ մեր հարաբերությունները լավն են, նրանք միմյանց հասկանում են, բայց այդ թեմայով փոխզիջման գնալը մեզ համար հնարավոր չէ։ Էրդողանն ընդգծել է, որ եթե պետք լինի, ապա Թուրքիան հետ կկանչի իր դեսպանին Ռուսաստանից և կնվազեցնի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը մինչև գերագույն հյուպատոս կամ ժամանակավոր հավատարմատար»,– ասել է Արմաղանը Milliyet թերթին։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Պուտինի` Հայաստան կատարած այցը, նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին, չի կարող ազդել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, մասնավորապես, «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցում։

Պեսկովի խոսքով, ՌԴ–ն և Թուրքիան գործընկերային սերտ կապեր ունեն, որոնք տնտեսական փոխշահավետ գործակցության ամուր հիմք ունեն։

Հայաստանը միջազգային հանրությունից պահանջում է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ճանաչում։ Թուրքիան ավանդաբար հերքում է իր հասցեին արված մեղադրանքները` պնդելով, որ 1915 թվականի ողբերգության զոհեր են եղել ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը։ Անկարայի սուր արձագանքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի և Հայաստանի բարդ հարաբերությունների գլխավոր պատճառներից է։ -0-