Աշխարհի ցանկացած մասում ապրող յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամեն ինչ մի կողմ թողնել ու զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի կողմից պրովոկացիայի դեպքում Հայաստանը կապահովի համազգային համախմբում և կգործադրի բոլոր ուժերն Արցախը պաշտպանելու և հակառակորդին հակահարված տալու համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, ընդ որում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման համատեքստում, որի հաճախականությունը կրճատվել է նրա պաշտոնավարումից հետո։
«Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, և դուք տեսնում ենք ագրեսիվ հայտարարություններ Ադրբեջանի կողմից։ Զինված ուժերին իմ հրամանը հետևյալն է, որ պետք է ծայրահեղ զգոն լինենք և պատրաստ լինենք ցանկացած սադրանքի», – նշել է Փաշինյանը`պատասխանելով քաղաքացիների հարցերին Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ։
Նա նաև նշել է, որ շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ։
«Մենք այդպիսի կուտակումներ ունեինք նաև ապրիլյան պատերազմից առաջ, և նրանց մարտավարությունն այն էր, որ այդ վիճակն այնքան սովորական դառնա, որ մենք դրանք չնկատելու տանք։ Վերլուծելով Ադրբեջանի գործողությունները ես հասկացել եմ, որ Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի։ Նա կարծես թե վախենում է ու մտավախություններ ունի, որ Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներից կարող է ոգևորվել Ադրբեջանի ժողովուրդը և այնտեղ էլ քաղաքալկան պրոցեսներ սկսել։ Դրա համար եմ ասում, որ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ գործություն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլև ժողովրդավարությանը», – ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով, նման իրավիճակը նոր չէ հայկական կողմի համար։ Նա նաև ավելացրել է, որ այս ամենն ունի նաև դրական կողմ։
«Այսօր հայ ժողովուրդը Արցախում, Սփյուռքում և Հայաստանում համախմբված է առավել քան երբևէ, և դա մեր ուժի, մարտունակության ամենակարևոր գործոնն է։ Ոչ ոք չի կասկածում, որ անհրաժեշտության դեպում ամբողջ աշխարհի բոլոր ռեսուրսները կդրվեն Հայաստանի, Արցախի պաշտպանության և հակառակորդին արժանի հակահարված տալու համար։ Աշխարհի ցանկացած մասում ապրող յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամեն ինչ մի կողմ թողնել ու զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ։ Սա է իմ ամենակարևոր ուղերձը»,-ընդգծել է Փաշինյանն` ավելացնելով, որ այսօր իր որդին էլ է ծառայում Արցախում։
«Ես հարգում եմ նրա որոշումը, և սա պետք է ցույց տա, որ մենք ոչինչ չենք խնայելու մեր հայրենիքը պաշտպանելու համար», – ասել է Փաշինյանը։–0–