Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին

15.11.2018, 15:06
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես էին եկել քրեական գործով Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ով նաև հանդիսանում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի գլխավոր տնօրենը, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու՝ ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին ուղղված համատեղ բաց նամակով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մայրապետյանի ձերբակալվել է հոկտեմբերի 7–ին ՀՔԾ–ի կողմից, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքին օժանդակելու մեջ։ Հոկտեմբերի 10–ին Մայրապետյանը կալանավորվել է։ Մայրապետյանը H2 հայկական հեռուստաալիքի և Toyota Yerevan դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։

«Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի լրատվական թողարկումներով հետևողականորեն տարածվում է ինչպես կիրառված խափանման միջոցի, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի գույքի նկատմամբ արգելանք դնելու, նրա տեսակցությունները և հեռախոսազանգերն արգելելու որոշումները, ինչպես նաև վերջիններս վերացնելուն ուղղված մեղադրյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունները նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մերժելու վերաբերյալ որոշումներն անհիմն լինելու վերաբերյալ ապատեղեկատվությունը՝ որը երբեմն ձեռք է բերում նաև նշված գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին վարկաբեկելուն միտված երանգավորում՝ ակնհայտորեն վերջինիս նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ, օգտագործելով քրեական գործի նյութերից հանրության լայն զանգվածների անտեղյակությունը, հնչող գնահատականների, արվող ենթադրությունների հետևանքով առաջանում է հանրային կարծիքի մանիպուլացման հնարավորություն, գերատեսչությունում անհրաժեշտ են համարում պարզաբանել հետևյալը:

«Ս. Մայրապետյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում, ոչ միայն կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, այլև մինչդատական վարույթի ընթացքում կխոչընդոտի գործի քննությանը: Այլ կերպ ասած՝ դատարանը հիմնավորված է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը», - նշվում է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանի տեսակցության և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը հանելու պահանջներին և նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգություններին, ապա գերատեսչությունը հարկ է համարում նշել, որ նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում: Սամվել Մայրապետյանին մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է նաև գույքի բռնագրավում:

«Նկատի ունենալով ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից բարձրացված այն խնդիրը, որ Ս. Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, նշված ընդունելության ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Ս. Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ», - հայտնում են գերատեսչությունից:

Նշվում է նաև, որ ելնելով ներկայացվող այն մտահոգություններից, որ Ս. Մայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք անազատության մեջ գտնվելու պայմաններում սրացման դեպքում կարող են հանգեցնել առողջության կտրուկ՝ կյանքին սպառնացող հետևանքների և, ըստ էության, անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրյալի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։-0-