Երեք տանկից բացի, հայկական ուժերը խոցել են հակառակորդի ևս 2 տանկ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր, Facebook–յան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը», – նշում է նա։
Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։
Ադրբեջանական զորքերն ապրիլի 4–ին, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։ Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։–0–