Երկուշաբթի ոչնչացված հակառակորդի անօդաչու սարքերի թիվը հասել է երեքի
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղի ուժերը երկուշաբթի շփման գծում ոչնչացրել են երեք հարվածային անօդաչու թռչող սարք, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:
«Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգա կիրառել է ТОС(Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի», – տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։
ՊՆ–ի տվյալներով` նույն ուղղությամբ հակառակորդն օգտագործել է երկո հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել:
«Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:30 04.04.2016