Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Եվրասիական ինտեգրման աջակցման պաշարն անսահմանափակ չէ և այն պետք է ճիշտ օգտագործել. Սաֆարյան

08.11.2013, 15:59
Հայ հասարակության զգալի մասն աջակցում է եվրասիական ինտեգրմանը, սակայն այդ պաշարն անսահմանափակ չէ, և այն պետք է ճիշտ օգտագործել, կարծում է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ տնօրեն Արամ Սաֆարյանը։
Եվրասիական ինտեգրման աջակցման պաշարն անսահմանափակ չէ և այն պետք է ճիշտ օգտագործել. Սաֆարյան
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ հասարակության զգալի մասն աջակցում է եվրասիական ինտեգրմանը, սակայն այդ պաշարն անսահմանափակ չէ, և այն պետք է ճիշտ օգտագործել, կարծում է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ տնօրեն Արամ Սաֆարյանը։

Ըստ նրա` «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական կազմակերպության պատվերով անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ հարցվածների 86 տոկոսը բավական դրական է մոտենում մաքսային միությանը միանալու ՀՀ ղեկավարության մտադրությանը, իսկ 82 տոկոսը Ռուսաստանին է համարում Հայաստանի գլխավոր համախոհը և բարեկամը։

«Դա բավականին մեծ պաշար է ինտեգրացիոն գործընթացների իրականացման համար, սակայն ես պետք է նախազգուշացնեմ, որ սոցիոլոգները կարծում են, որ դա անսահմանափակ պաշար չէ, և եթե այն ճիշտ չօգտագործվի, այդ տոկոսը կարող է շատ արագ կրճատվել»,– «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով «Մոսկվա–Երևան» տեսակամրջի ընթացքում նշեց Սաֆարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եվրասիական ինտեգրման շրջանակում բոլոր գործընթացները պետք է թափանցիկ լինեն հանրության համար, որպեսզի ապահովվի այն նույն հանրային աջակցությունը, որը ժամանակին Արևմտյան Եվրոպայի երկրներում ստացավ եվրոպական ինտեգրումը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։ --0--