Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն հիմնադրել Իրաքում

18.02.2014, 14:03
Հայաստանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն հիմնադրել Էրբիլում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ հանդիպման ընթացքում, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն հիմնադրել Իրաքում
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն հիմնադրել Էրբիլում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ հանդիպման ընթացքում, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նալբանդյանը Իրաքում է գտնվում պաշտոնական այցով։

Հանդիպման ընթացքում Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ընդգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է»։

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկրների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Նուրի Ալ-Մալիքին ասել է. «Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման»։

Նույն օրը կայացել է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։-0-