Գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ծրագիրը

Գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները:

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:

Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները:

Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնություններին, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - ասել է վարչապետ Կարապետյանը` անդրադառնալով ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:35 19.06.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×