ԱՄՆ–ի հայկական համայնքը երկու երկրների կապերն ամրապնդելու հզոր ռեսուրս է. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի հայկական համայնքը երկու երկրների կապերն ամրապնդելու հիանալի ռեսուրս է, հինգշաբթի ասաց ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ–ի Խաղաղության կորպուսի կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողության ընթացքում։
«Այսօրվա միջոցառումը շատ ուրախալի է մեզ համար։ Մենք ԱՄՆ դեսպանատան մեր գործընկերների հետ միասին հպարտությամբ ենք մասնակցում։ Այսօր Խաղաղության կորպուսի 39 նոր անդամներ երդում կտան` դառնալով կազմակերպության կամավորներ», – ընդգծեց Միլսը, հաղորդում է«Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Դեսպանը նաև նշեց, որ շատ իմաստներով այդ մարդիկ Հայաստանում ԱՄՆ–ի իսկական դեսպաններ են. նրանք ապրում են հայկական ընտանիքներում, հայկական համայնքներում և գյուղերում` դասավանդելով անգլերեն, ինչպես նաև տրամադրում են ամերիկյան մանկարժական պրակտիկա։
Դիվանագետը նաև ընդգծեց, որ ԱՄՆ–ն բարձր է գնահատում հայերի ներդրումն ամերիկյան մշակույթի, բիզնեսի, տնտեսության և այլ ոլորտներում։
«Այդուհանդերձ, ԱՄՆ–ի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Ամերիկայում բնակվող հայերի հետ մեր կապերով։ Մենք Հայաստանի հետ կիսում ենք միևնույն արժեքները, նպատակներն ու ուղղությունները», – ավելացրեց Միլսը։
Երդմնակալության արարողությանը մասնակցել են տարբեր ազգության 21–76 տարեկան 39 կամավորներ։
Ուսումն ավարտելուց հետո կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ երկու տարվա ընթացքում անգլերեն կդասավանդեն գյուղերի և համայնքների աշակերտներին։
Խաղաղության կորպուսը ստեղծվել է 1961 թ.–ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից։ Այս ընթացքում 200 հազար կամավորներ ծառայություն են անցել ավելի քան 100 երկրներում։ 1992 թ.–ից մինչև օրս Հայաստան է այցելել ավելի քան 750 կամավոր։
Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ` տրամադրել մասնագիտական օգնություն հյուրընկալ երկրին, աջակցել ամերիկացիների գաղափարներն ու աշխարհընկալումն ավելի լավ հասկանալու և հյուրընկալ երկրի ժողովրդի հետ ամերիկացիների ավելի լավ ծանոթանալու հարցում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:25 12.11.2015