Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Ադրբեջանական կողմը շփման գծում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման հերթական փորձերը` կրելով կորուստներ. ԼՂՀ ՊՆ

23.01.2015, 11:59
Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական կողմը շփման գծում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման հերթական փորձերը` կրելով կորուստներ. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով` ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-