Հանրահավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող և դրան համարժեք

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում անցկացվող հանրահավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող և դրան համարժեք, նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։
«ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս նախազգուշացնում է, որ չի ենթարկվելու որևէ սադրանքի», – նշվում է հայտարարության մեջ։
Այս պահին մի քանի հարյուր ցուցարարներ կրկին շարժվում են դեպի ԿԸՀ–ի շենք։ Կազմակերպիչների տվյալներով` մի քանի ցուցարարներ տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։
Հայտարարության մեջ նշվում է, որ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ի տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով:
«Մասնավորապես, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նշված վայրում երթի կազմակերպիչները ՀՀ ոստիկանությունից պահանջել են իրենց թույլատրել մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին շենքին և պետական այդ մարմնին հնչեցնել իրենց պահանջները կամ ապահովել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մոտենա և լսի իրենց պահանջները», – նշվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, պահանջել է ժամը 22.00-ից սկսած անցկացվելիք հավաքը չզուգորդել անձանց հանգիստը խանգարող աղմուկով։
Ի պատասխան այս առաջարկի, հավաքի կազմակերպիչները չեն սպասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ նախատեսված հանդիպմանը և, անտեսելով ՀՀ ոստիկանության իրավաչափ պահանջը, շարունակել են աղմուկով ուղեկցվող երթը:
Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Տեղամասերի փակման պահին` ժամը 20։00–ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։
Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ –0–