Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայ խորհրդարանականները պահանջում են կրկին փակ քննարկումներ անցկացնել ղարաբաղյան հարցի շուրջ

25.04.2016, 14:59
Ազգային ժողովի քառօրյայի առաջին օրը հայ խորհրդարանականները պահանջեցին Ղարաբաղի հարցի շուրջ նորից փակ քննարկումներ անցկացնել:  
Հայ խորհրդարանականները պահանջում են կրկին փակ քննարկումներ անցկացնել  ղարաբաղյան հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի քառօրյայի առաջին օրը հայ խորհրդարանականները պահանջեցին Ղարաբաղի հարցի շուրջ նորից փակ քննարկումներ անցկացնել: 

Ղարաբաղյան իրավիճակին նվիրված առաջին փակ քննարկումներն անցկացվեցին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ մարտական ագրեսիայի ժամանակ: Այդ ժամանակ պատգամավորներին սահմանում տիրող իրավիճակը ներկայացրեցին ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ինչպես երկուշաբթի նշեց ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պատգամավորները ցանկանում են հենց նախարարներից տեղեկատվություն ստանալ տվյալ պահին ստեղծված իրավիճակի մասին:

«Մենք բոլորս քննադատում ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, սակայն հայկական կողմը զոհեր է տվել ոչ թե այդ ռազմավարական զենքից, այլ կապի միջոցների, գիշերային տեսանելիության և այլ սարքերի պակասից և կարծում եմ, որ պաշտպանության նախարարը պետք է ներկայացնի, թե որքան ռացիոնալ են օգտագործվում առկա ռեսուրսները և արդյոք լրացուցիչ աջակցության կարիք կա, թե ոչ», - ասաց Բագրատյանը:

«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դժգոհություն հայտնեց ՀՀ արտգործնախարարության աշխատանքից ` ընդգծելով, որ ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակությունը Ղարաբաղում իրավիճակի մասին ավելի շատ տեղեկատվություն է ստանում ռուսական կողմից, այդ թվում` Կազանյան փաստաթղթի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ հայկական ԱԳՆ-ն պետք է տեղեկատվություն տրամադրի բանակցային գործընթացի վերաբերյալ, որպեսզի մենք ստիպված չլինենք տեղեկատվություն ստանալ արտասահմանյան ռեսուրսներից կամ այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններից», - ասաց Քոքոքբելյանը:

Պատգամավորները պահանջեցին նաև ներկայացնել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի նախապատրաստման գործընթացը:

Ապրիլի 2-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն, համագործակցելով Ղարաբաղի ԱԳՆ-ի հետ, պետք է մշակի ռազմական փոխօգնության պայմանագիր, անցկացնի համապատասխան քննարկումներ և ներկայացնի փաստաթուղթն ԱԺ–ի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և «Օրինաց երկիր» կուսակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը միացան գործընկերների պահանջներին` նշելով շատ հարցերի պատասխանները ստանալու անհրաժեշտության մասին:

Միաժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է հանդիպումներ անցկացնել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ։

«Հարկավոր է լսել նրանց դիրքորոշումը ևս, քննարկել մեր բացթողումները, որոնք հարկավոր է վերացնել, քանի որ պատերազմը չի ավարտվել, և մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ մարտական գործողությունների, ինչը Ադրբեջանի օրակարգի մասն է կազմում», - ասաց Փոստանջյանը:

Ի պատասխան այդ առաջարկին` Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ քննարկումների ժամանակ պատգամավարները պաշտպանության նախարարին և արտգործնախարարին հղել են 46 հարց, և չկային այնպիսի հարցեր, որոնք նրանք հրաժարվել են քննարկել:

«Բոլոր պետական կառույցները պատրաստ են քննարկել տարբեր հարցեր, սակայն մնում է նման քննարկումների նպատակահարմարության և արդյունավետության հարցը, քանի որ նրանք չեն օգնի օպերատիվորեն լուծել մեր առջև դրված խնդիրները», - ասաց Շարմազանովն`ավելացնելով, որ նման հնարավորությունը կքննարկվի խոսնակի և նախարարների հետ:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0–