Հրաժարական տված նախարարների պաշտոնակատարների լիազորությունները ստանձնել են նրանց տեղակալները

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Հրաժարական տված նախարարների պաշտոնակատարների լիազորությունները ստանձնել են նրանց տեղակալները։
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, ՀՀ կրթության և գիտության նախարարի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Վաչե Տերտերյանը։
Բնապահպանության նախարարի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է փոխնախարար Էրիկ Գրիգորյանը, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Արսեն Քարամյանը։
ՀՅԴ–ից նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետերն ապրիլի 26–ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Մասնավորապես, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը։
Դրանից մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը։ –0–