Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայկական խորհրդարանը հաստատեց ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների օրենսդրական կարգավորումը

30.09.2013, 13:59
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը, որը նախատեսում է ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների օրենսդրական կարգավորում։
Հայկական խորհրդարանը հաստատեց ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների օրենսդրական կարգավորումը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը, որը նախատեսում է ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների օրենսդրական կարգավորում։

Ըստ օրինագծի հեղինակներից մեկի` պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում անդրադառնալ այնպիսի խնդրի, ինչպիսն է տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների պահպանումը։

 «Օրինագիծը մի շարք կանոնների պահպանում է ենթադրում։ Առաջին հերթին տեքստի վերարտադրումը պետք է կատարվի նպատակներն արդարացնող ծավալներով։ Այդ տերմինը, ինչպես ցույց է տալիս փորձը, պարզաբանվում է արդեն դատական պրակտիկայի ընթացքում, քանի որ օրենքում անհնար է հստակ որոշում տալ։ Սակայն մենք փորձեցինք դատարանների համար տվյալ պարամետրի գնահատման չափանիշներ սահմանել»,– ասաց նա։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է նրան, որ վերարտադրվող տեքստը չի արտացոլել սկզբնաղբյուրի նյութի ողջ բովանդակությունը, որպեսզի ընթերցելիս պահպանվի սկզբնաղբյուրին դիմելու անհրաժեշտությունը։

Ըստ նրա` օրինագծում նշվում է, որ նյութի վերարտադրումը չպետք է բացասական ազդեցություն ունենա սկզբնաղբյուրի ընթերցողների քանակի վրա։
 «Սա միայն առաջին քայլն է, որը թույլ է տալիս դատարաններին չափանիշներ սահմանել։ Հայաստանում դեռ այդ ոլորտում դատական պրակտիկա չկա, սակայն միջազգային պրակտիկայում նպատակները չարդարացնող ծավալ է ճանաչվել նույնիսկ 11 բառից կազմված մեկ նախադասությունը, որն արտացոլել է նյութի բովանդակությունը»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք լրատվական նյութերը հեղինակային իրավունքի օբյեկտ են համարվում, ապա, ըստ օրինագծի հեղինակի` դատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք նյութի մեջ փաստերը հատուկ կերպ են ներկայացված։

Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ եթե նյութեր գրելը մտնում է լրագրողի ծառայողական պարտականությունների մեջ, ապա նյութերի հեղինակային իրավունքներ ունեցողը գործատուն է, եթե հակառակը գրված չէ պայմանագրում, իսկ հարցազրույցի դեպքում որպես իրավատեր են հանդես գալիս ինչպես հարցազրույց վերցնողը, այնպես էլ հարցազրույց տվողը։

«Ամբողջ ծավալով նյութերի վերարտադրումը հնարավոր է միայն իրավատիրոջ  թույլտվությամբ` անվճար կամ որոշակի հոնորարի դիմաց»,– նշեց պատգամավորը։

Նա տեղեկացրեց նաև, որ առաջին անգամ օրենսդրությունում ընդգրկվել է «հիպերհղում» տերմինը։ Ըստ նրա` օրինագիծը նախատեսում է, որ թերթերի և հանդեսների նյութերում պարտադիր պետք է տեղեկատվության աղբյուրի հղում լինի, իսկ ինտերնետ պարբերականների նյութերում պարտադիր պետք է առկա լինի ակտիվ հղումը։

«Դատարանի կողմից օրենքը խախտող ճանաչված իրավատերը կարող է 100–200 հազար դրամի չափով վնասի հատուցում պահանջել»,– ավելացրեց նա։

Միաժամանակ օրինագծի հեղինակն ընդգծեց, որ դատական գնահատական չպահանջող սպառիչ որոշումներ տվյալ օրինագծում անհնար է տալ` յուրաքանչյուր դեպքի եզակիության և ոլորտի յուրահատկության պատճառով։

«Հայաստանում գոյություն ունի լրագրողական համերաշխություն, քանի որ մինչ օրս ոչ մի դատական գործ չի եղել, թեև այսօր նույնպես օրենսդրությունը թույլ է տալիս դիմել դատարան։ Այդ օրինագիծը պարզաբանում է մանրամասները և կոչված է օգնելու, երբ լրագրության էթիկայի շրջանակներում կիրառված բոլոր մնացած մեթոդները սպառված կլինեն»,– ասաց նա։ –0–