Լինե՞լ, թե՞ չլինել. Հայաստանը քննարկում է ուժային կառույցների վերադարձը նախարարությունների կարգավիճակին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Կառավարության կառուցվածքը, որի փոփոխությունները շուտով կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը, երկուշաբթի կայացած խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկն էր:
Չնայած կառավարության կառուցվածքի փոփոխությունները դեռևս պաշտոնապես չեն քննարկվել, սակայն մասնակի արդեն ներկայացվել են հասարակությանը: Ուղղումներով, մասնավորապես, նախատեսվում է, որ նախարարությունների թիվը կկրճատվի 17-ից 12-ը:
Հունվարի 17-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ գնան կառավարության վերակազմավորմանը` վերադարձնելով ուժային կառույցներին նախարարությունների կարգավիճակը:
Սակայն «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այլ կարծիք ունի:
«Ոստիկանությունը և ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և չպետք է ունենան քաղաքական ուղղվածություն, ինչից այսօր զրկված են իրենց կարգավիճակի պատճառով», - ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ խմբակցությունը չի քննարկել դեռ կառուցվածքային փոփոխությունների փաթեթը, սակայն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ խնդիրներ կդրվեն կառուցվածքների առջև և, հետևաբար, կգտնվի ամենաօպտիմալ ձևաչափը:
«Ոստիկանությունը պետք է ավելի հաշվետու լինի խորհրդարանին, և մենք նախատեսում ենք դիտարկել նոր ձևաչափ», - ասաց Մակունցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նույնպես կարծում է, որ ուժային կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, քանի որ այսօր` չլինելով կառավարության կազմում, նրանք պարտավոր չեն հաշիվ տալ խորհրդարանի առջև կամ պատասխանել պատգամավորների հարցերին, հետևաբար, նրանք մնում են քաղաքական պատասխանատվությունից դուրս:
«Չպետք է բոլոր համակարգերը լինեն մեկ մարդու վերահսկողության տակ, անհրաշեժտ է, որպեսզի խորհրդարանը նույնպես կարողանա օգտագործել վերահսկողության մեխանիզմները: Չի կարելի հույս դնել մեկ մարդու բարի կամքին։
Այն, ինչ անթույլատրելի էր Սերժ Սարգսյանին, նույնպես անթույլատրելի պետք է լինի Նիկոլ Փաշինյանին», - ասաց Գորգիսյանը:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ Ազգային ժողովի ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը դեռ մեկ տարի առաջ, լինելով ընդդիմադիր պատգամավոր, հայտարարել էր, որ եթե ուժային կառույցերը չեն ենթարկվում կառավարության վերահսկողությանը, ապա կարող են օգտագործվել վարչապետի կողմից քաղաքական նպատակներով` ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար:
«Հիմա մենք ոչ մի երաշխիք չունենք, որ դա տեղի չի ունենա: Չի կարելի հույս դնել խորհրդարանի մեծամասնության բարության վրա, այդ հարցերը պետք է ինստիտուցիոնալացված լինեն, որպեսզի անկախ նրանից, թե ով կլինի համակարգի ղեկավարը, դրանք աշխատեն ժամացույցի պես ճշգրիտ», - ասաց Գրիգորյանը:
Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձրացրել է Սփուրքի և մշակույթի նախարարությունների լուծարման թեման` նշելով, որ դա նպատակահարմար չէ, քանի որ այդ երկու ոլորտը կարևոր դեր են խաղում հայապահպանության գործում:
Սակայն, ըստ պատգամավորի, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ ձևաչափում է կառավարությունը տեսնում այս գերատեսչությունների հետագա գործունեությունը:
«Հնարավոր է, իշխանությունները այնպիսի լուծումներ առաջարկեն, որ մեր բոլոր կասկածները փարատեն, այդ թվում` սոցիալական խնդրի համատեքստում, որը կառաջանա պետական ապարատի օպտիմալացման կապակցությամբ», - ասաց Պետրոսյանը:-0-