Հայաստանում մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի զեկույցը կարող է դառնալ քաղաքական ազդեցության գործիք. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Նիլս Մույժնիեքսի զեկույցը կարող է դառնալ քաղաքական ազդեցության գործիք, երկուշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նիլս Մույժնիեքսը մարտի 10–ին զեկույց է հրապարակել, որում նշել է իր դիտողությունները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Իր զեկույցում Մույժնիեքսն անդրադարձել է մի շարք քրեական գործերի, այդ թվում` «Ցեղակրոն» արմատական շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի (ոստիկանության հետ բախումների և անկարգությունների համար դատապարտված) և նրա որդու նկատմամբ, նշելով, որ Հայաստանում արդարադատությունն ընտրողաբար է կիրառվում։ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի գործի առիթով հանձնակատարը նկատել է, որ Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում անչափահասների իրավունքները հիմնականում պաշտպանված չեն։ Նա անդրադարձել է նաև հայկական բանակում բռնության դեպքերին։
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհում նմանատիպ փաստաթղթերը, որպես կանոն, ավելի շատ քաղաքական ազդեցության գործիք են, քան հեղինակների մտահոգության արտահայտում»,– նկատեց քաղաքագետը։
Նա ավելացրեց, որ նախքան նմանատիպ զեկույցներին որևէ գնահատական տալը պետք է դրանք լավ ուսումնասիրել։ «Խնդիրն այն է, որ զեկույցները, որպես կանոն, ավելի ծավալուն են, քան այն, ինչ տարածվում է ԶԼՄ–ներով։ Այն դեպքում, երբ մենք ամբողջովին ծանոթանում ենք այդ զեկույցներին, կարող ենք նկատել, որ դրանցում տեղ գտած գնահատականներն ավելի օբյեկտիվ են, իսկ հարցերի վերաբերյալ մոտեցումը` ավելի ամբողջական»,– նշեց Մինասյանը։
Բացի այդ, նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, ավելի քաղաքականացված մոտեցման հետ գործ ունենք։
«Հնարավոր չէ հստակ ասել, թե այդ զեկույցում զետեղված գնահատականներն օբյեկտիվ չեն, քանի որ իրականում մեր երկրում գոյություն ունեն նշված խնդիրները։ Բայց երբ մենք ինչ–որ բան ենք պոկում ընդհանուր համատեքստից, ապա հայտնվում են, այպես ասենք, որոշակի կասկածներ առանձին հասկացողությունների վերաբերյալ»,– նշեց քաղաքագետը։
«Ցանկացած դեպքում, զեկույցում խոսվում է այն խնդիրների մասին, որոնք մեզ հետաքրքրում են, և մենք պետք է ձգտենք դրանք լուծել ինքնուրույն»,– ընդգծեց քաղաքագետը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:09 16.03.2015