Մեղավորները պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Մեղավորները պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱԱԾ-ի բացահայտումները:
Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Իսկ հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:
«ԱԱԾ-ի կողմից տարածած տեսանյութից հետո կարող եմ միայն վրդովմունք ու հիասթափություն hայտնել: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, ես դատավոր չեմ, սակայն եթե պարզվի, որ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութը համապատասխանում է իրականությանը, ապա որևէ արդարացում դրան չի լինի, ով էլ դա լինի», - ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ իրավապահ մարմինները պետք է լիարժեք հետաքննություն անցկացնեն։
«Իրավապահների գործունեության մեջ որևէ մեկի միջամտությունն անթույլատրելի է», – հայտարարեց Շարմազանովը։
«Չեմ ցանկանում գնահատականներ տալ, սակայն եթե Գրիգորյանի մեղավորության մասին ԱԱԾ-ի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայատարարություններն ապացուցվեն դատարանում, ապա որևէ արդարացում դրան չի լինի: Ես չեմ կարողանա նայել երեխաներիս աչքերի մեջ, եթե նման արարքն արդարացված լինի», - ասաց Շարմազանովը:
Ըստ նրա, Հանրապետական կուսակցությունը չի արդարացնի նման երևույթները, հակառակը` հանդես կգա ամենախիստ գնահատականներով: Ընդ որում, ինչպես նշեց Շարմազանովը, օրենքի առաջ չպետք է երկակի ստանդարտներ լինեն:«Բոլոր նրանք, ովքեր գողություն են կատարել պետական բյուջեից, պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ: Եթե ամեն ինչ ապացուցվի, ես խորը հիասթափություն կապրեմ», - ասաց Շարմազանովը:-0