Մենք պայքարում ենք հանուն Արցախի և Հայաստանի պետական ու ազգային շահերի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն քաղաքական թիմ է, մենք չենք պայքարում ինչ–որ մեկի դեմ, մեր պայքարն ընթանում է հանուն Արցախի և Հայաստանի պետական ու ազգային շահերի, ուրբաթ հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։
«Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք ուղիղ իր դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որն, ըստ մեզ, ամբողջությամբ չի սպասարկում Հայաստանի և Արցախի անվտանգությունը», – նշել է Շարմազանովը`հավելելով, որ ՀՀԿ–ն քննադատում է ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը։
«Այդ քննադատության արդյունքը ոչ թե գոտկատեղից հարվածներն հասցնելն է, այլ քննադատությունը լսելի դարձնելն է, որպեսզի իշխանությունը, որն անփորձ է և որն այս 9 ամիսների ընթացքուն կուտակել է բազմաթիվ սխալների պաշար, վերադառնա ճիշտ ուղու վրա», – ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, նիստի ընթացքում սովորականի նման քննարկվել են ներկուսակցական հարցեր, կազմակերպչական հարցեր։
«Գիտեք, որ կուսակցությունն այլևս ընդդիմություն է: Մենք ունենք մեր կուսակցական խնդիրները, որևէ արտառոց բան չկա: Ամեն ինչ նորմալ ընթանում է, ՀՀԿ-ն իր գաղափարական գործընթացները պետք է շարունակի»,- մանրամասնել է Շարմազանովը, հայտնում է armtimes.com-ը։
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև երկրի ներքաղաքական հերցերին:
«Մենք ունենք որոշակի մտահոգությունների արտաքին քաղաքականության և ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Սա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ այս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել են երկիրը ձախողման տանելու», – նշել է Շարմազանովը։
Շարմազանովը նաև ասել է, որ ՀՀԿ նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով այն ցարցին, թե Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, Շարմազանովը նշել է. «Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից: Օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չկա»:
ՀՀԿ խոսնակը, անդրադառնալով նոր ԱԺ-ին, հայտարարել է, որ իրենց կուսակիցների համար ՔՊ-ն ստեղծեց երկու նոր հանձնաժողով:
«Տարբերություն չկա, դա իրենց կուսակիցներն են, որովհետև սա առանց ընդդիմության խորհրդարան է»:
Վերջում Շարմազանովը հայտաարարեց, որ ՀՀ-ում ունենք պոպուլիստական իշխանություն:–0–