Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանի միացումը ՄՄ–ին չի խոչընդոտի հայ–վրացական համագործակցության զարգացմանը. Սարգսյան

27.02.2014, 19:17
Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ որոշումը որևէ խոչընդոտ չի ստեղծի հայ–վրացական համագործակցության զարգացման ճանապարհին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո։
Հայաստանի միացումը ՄՄ–ին չի խոչընդոտի հայ–վրացական համագործակցության զարգացմանը. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ որոշումը որևէ խոչընդոտ չի ստեղծի հայ–վրացական համագործակցության զարգացման ճանապարհին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո։

«Մենք պարոն Մարգվելաշվիլիի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին»,– նշեց Սարգսյանը։

Պետության ղեկավարը կարևորեց հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել մարտի երկրորդ կեսին։

Սարգսյանն ընդգծեց, որ երկու երկրների առաջնորդները կարևորում են արդյունավետ փոխգործակցությունը միջազգային հարթակում։

«Մենք կարծում ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,– նշեց նախագահը։

Նա ընդգծեց երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը մշակույթի և կրթության բնագավառներում։

Ըստ նրա` հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին:

«Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է»,– նշեց Սարգսյանը։

Պետության ղեկավարն այս առիթով նշեց, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ, ինչը խոսում է հայ–վրացական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները»,– ասաց Սարգսյանը։

Նա նաև շնորհակալություն փոխանցեց Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:

«Պարոն Մարգվելաշվիլիի այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը»,– նշեց Հայաստանի նախագահը։

Մարգվելաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Սարգսյանին` Երևան հրավիրելու համար և իր գործընկերոջը հրավիրեց Վրաստան։

«Վրաստանը մտադիր է ակտիվորեն համագործակցել իր հարևանների հետ, և, իհարկե, համագործակցությունը պետք է խորանա և զարգանա»,– նշեց նախագահը։

Ըստ նրա` մի շարք ոլորտների համագործակցության զարգացումը գերակա է Վրաստանի համար, և այդ համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի բազմաթիվ խնդիրներ լուծել։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով` իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում ծրագրված են Մարգվելաշվիլիի հանդիպումները Հայաստանի բարձրագույն իշխանության, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ։

Չորեքշաբթի նա ծաղկեփունջ դրեց «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրին։

Հայ-վրացական արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ. կազմել է $151,9 մլն.`մեկ տարվա ընթացքում աճելով 26,9%-ով։

Երկու երկրների միջև գործում է մոտ 80 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, որոնք ներառում է փոխհարաբերությունների գրեթե ողջ շրջանակը։--0—