Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

ՀՀ նախագահը բարձր է գնահատել ԵԽ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում

06.12.2015, 14:54
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական և հետևողական:
ՀՀ նախագահը բարձր է գնահատել ԵԽ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական և հետևողական:

Այս մասին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ,  նախագահը հայտնել է կիրակի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ:

Ալան Միլի մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում:

Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահի համոզմամբ, ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է նաև դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:

ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլը գոհունակությամբ է խոսել ՀՀ Նախագահի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական և կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաև այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարևորվել և հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,-ասել է Ալան Միլը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  քվեարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Նախագահը եկել էր հանրաքվեին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ:

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ Այսօր ժամը 08։00–ից երկրում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–