Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանը Վիլնյուսի գագաթնաժողովը դիտում է որպես ԵՄ հետ հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու հանգրվան. Սարգսյան

29.11.2013, 16:57
Հայաստանը Վիլնյուսի գագաթնաժողովը դիտում է որպես ԵՄ հետ  հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան, գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանը Վիլնյուսի գագաթնաժողովը դիտում է որպես ԵՄ հետ հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու հանգրվան. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը Վիլնյուսի գագաթնաժողովը դիտում է որպես ԵՄ հետ  հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան, գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական Միություն Համատեղ հայտարարությունը»,– ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ ակնկալիքները Վիլնյուսի այս գագաթնաժողովից մեծ են։

Նա նշել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։

«Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»,– ասել է նա։

Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանի գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են  երկկողմ սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ:

«Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում»,– ասել է նա։

Խոսելով Հայաստանի համար Արևելյան գործընկերության դերի և նշանակության մասին` Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին:

«Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը»,– ասել է նախագահը։ –0–