ԼՂՀ նախագահ. մեր ընտրած ճանապարհն այլևս անշրջելի է
10.12.2014,
10:52
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է հայրենակիցներին դեկտեմբերի 10–ին նշվող ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է հայրենակիցներին դեկտեմբերի 10–ին նշվող ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ։
«Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին», – ընդգծել է ԼՂՀ նախագահը։
Նրա խոսքերով` ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է և պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան:
«Մեր ընտրած ճանապարհն այլևս անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ։ Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետևելով օրենքի տառին ու ոգուն և ստեղծելով ուժեղ իրավական պետություն», – ասել է Սահակյանը։
Նա նշել է, որ դա է Արցախի բարգավաճման և նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու միակ ուղին։
«Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, և Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում», – ընդգծել է ԼՂՀ նախագահը։
«Թանկագին արցախցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր այս կարեւորագույն պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք», – նշվում է ուղերձում։–0–