Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Արցախի ԶՈՒ–ն ոչնչացրել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատ, ղարաբաղյան կողմից երեք զինվոր է զոհվել

19.03.2015, 17:03
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի ոչնչացրել են ԼՂՀ ներխուժած ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը։ Հակահարված տալով գրոհին` զոհվել է երեք ղարաբաղցի զինվոր, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախի ԶՈՒ–ն ոչնչացրել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատ, ղարաբաղյան կողմից երեք զինվոր է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի ոչնչացրել են ԼՂՀ ներխուժած ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը։ Հակահարված տալով գրոհին` զոհվել է երեք ղարաբաղցի զինվոր, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում»,– ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-