ՀՀ ԱԺ–ն պաշտոնապես կոչ կանի ողջ աշխարհի խորհրդարաններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ քննարկում է հայտարարության նախագիծ, որով պաշտոնապես կոչ կանի ողջ աշխարհի խորհրդարաններին և միջազգային կառույցներին ճանաչել և դատապարտել 1915 թ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, արժևորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները, կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովուրդի ունեցած ներդրումը, երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին և պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ։ Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդ
կության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն», – նշվում է հայտարարության տեքստի մեջ։
Հայտարարության հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն» խմբակցություն), Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ), Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը (ՀՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և ուրիշներ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:18 09.04.2015