Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Ղարաբաղցի զինծառայողը հակառակորդի կողմն է անցել ընտանեկան խնդիրների պատճառով. Օհանյան

25.03.2015, 19:57
ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանն իր դիրքը լքել և հակառակորդի կողմն է անցել ընտանեկան խնդիրների պատճառով, չորեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ղարաբաղցի զինծառայողը հակառակորդի կողմն է անցել ընտանեկան խնդիրների պատճառով. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանն իր դիրքը լքել և հակառակորդի կողմն է անցել ընտանեկան խնդիրների պատճառով, չորեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, մարտի 22–ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, թողնելով զենք ու զինամթերքը հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը։ Երկուշաբթի ադրբեջանական ԶԼՄ–ները Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութ են տարածել։

«Այս պահին կարող եմ ասել, որ լարվածություն է եղել զինծառայողի ընտանիքում, նրա և ծնողների հարաբերությունները լարված են եղել»,– ասաց Օհանյանը։

Նախարարը միաժամանակ բացառում է սպաների կողմից նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հավանականությունը, քանի որ Գրիգորյանն առանձին ականանետային փոքրիկ ստորաբաժանումում ծառայող ժամկետային էր, իսկ այնտեղ, նրա խոսքով, միջանձնային հարաբերությունների խախտումները չափազանց հազվադեպ են։

Նա չբացառեց նաև մարտական դիրքից զինվորին առևանգելու հավանականությունը, քանի որ մարտական դիրքը լքելուց 15 րոպե առաջ այդ հատվածում գտնվել է այն զորամասի հրամանատարությունը, որտեղ ծառայում էր Գրիգորյանը, և հեռուստանկարահանումներ էին կատարվում։

«Նշանակվել է ծառայողական հետաքննություն, հարուցվել է քրեական գործ բոլոր հանգամանքները պարզելու համար։ Եթե կարողանանք ընտանիքի, մտերիմների, ծառայակիցների օգնությամբ պարզել ճշմարտությունը, ապա կիրազեկենք հասարակայնությանը»,– ավելացրեց նա։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 362–րդ հոդվածի 2–րդ մասով  (դասալքություն, որը կատարվել է ծառայողական զենքով, կամ մարդկանց խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ, կամ հերթապահություն տանող զինծառայողի կողմից)։  Կատարվում է քննություն։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-