Զոհրաբ Մնացականյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկեցին ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը:–0–