ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորեց Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ:
ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ կատարվեց ստեղծված հումանիտար ճգնաժամին հասցեագրման ուղղված քայլերին։
Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծեց միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն տրամադրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։
Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:-0-