Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի նախագահը ԱԺ-ից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները

16.02.2015, 17:15
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը ԱԺ-ից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս Հայաստանը լիովին պատկերացրել է հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները:

«Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը»,- ասված է նամակում:

Նախագահը նշել է, որ արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

«Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը»,- նշված է փաստաթղում:

Ըստ նախագահի` ժամանակի անսպառ չլինելու մասին ինքը խոսել է բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Նա ցավ է հայտնել, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

«Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»- ընդգծվում է փաստաթղթում։--0--: