Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նյարդային արձագանքն Արցախում կայացած ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքը: Այս մասին նշվում է ԱԳՆ-ի կայքում:
Հիշեցնենք, որ Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է»,- նշել է Նաղդալյանը՝ Ադրբեջանի արձագանքը մեկնաբանելով:
Նա շեշտադրումներ է կատարել միայն երկու հանգամանքի վրա:
«Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին: Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը:
Նա ընդգծել է, որ ակնհայտ է՝ այն երկրում, որտեղ երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձևավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք:
«Երկրորդ, Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից»,- նշել է նա:
Նաղդալյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
«Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը»,- եզրափակել է Նաղդալյանը:
Ընտրությունների մասին
Ապրիլի 14-ին Արցախում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, քանի որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ 14 թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակի համար անհրաժեշտ 50 + 1 ձայն հավաքել:
Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն, հաղթել է Արայիկ Հարությունյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-