Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը երկրի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության վերաբերյալ

15.10.2020, 11:02
Արցախի ԱԳՆ Խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը
Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը երկրի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկրի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության վերաբերյալ։ 

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից»,- ասվում է ԱԳՆ-մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս: 

«Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:-0-