Ավագանու ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 34,52 %–ը. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Տեղական ժամանակով ժամը 17։00–ի դրությամբ Ավագանու ընտրություններին քվեարկել է 290 737 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 34.52 %–ը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նրա խոսքով, մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 842 147 ընտրող։
ԿԸՀ տվյալներով, Երևանի Աջափնյակ համայնքում ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,5%–ը, Ավանում` 46,72%–ը, Արաբկիրում` 32,72%–ը, Դավիթաշենում` 35,97%–ը, Էրեբունիում` 34,96%–ը, Կենտրոնում` 31,47%–ը, Մալաթիա–Սեբաստիայում` 27,6%–ը, Նոր Նորքում` 33,78%–ը, Նորք Մարաշում` 42,13%–ը, Նուբարաշենում 44,2%–ը, Շենգավիթում` 40,23%–ը, Քանաքեռ–Զեյթունում` 27,8%–ը։
Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:
Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։
Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։
Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–