Ավստրիան պատրաստ է օժանդակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավստրիան պատրաստ է օժանդակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, երկուշաբթի հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով և մեր կողմից պատրաստ ենք բանակցություններ վարելուն համաձայն կողմերին օժանդակել»,– ասաց Կուրցը։
Նա հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացում կգերակշռի կողմերի երկխոսությունը, ինչը թույլ կտա հասնել վերջնական կարգավորման։
Նախարարը նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ` ընդգծելով, որ օրեր անց Բաքու կատարելիք այցի շրջանակում ծրագրում է քննարկել այդ հարցը երկրի ղեկավարության հետ։
«Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության հարցը, հատկապես, քաղբանտարկյալների խնդիրն Ադրբեջանում, և մենք քննադատում ենք դա»,– ասաց Կուրցը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:08 08.09.2014