Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԲՀԿ–ի առաջնորդի պոտենցիալ ձայների ավելի քան մեկ երրորդը գործող ՀՀ նախագահի օգտին կգնա. Gallup և ՀՍԱ սոցհարցում

20.12.2012, 17:33
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ ընտրազանգվածի ավելի քան մեկ երրորդը նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի։ Այդ մասին վկայում են Baltic Surveys/The Gallup Otganization–ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) կողմից անցկացված սոցիոլոգիալական հարցման արդյունքները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԲՀԿ–ի առաջնորդի պոտենցիալ ձայների ավելի քան մեկ երրորդը գործող ՀՀ նախագահի օգտին կգնա. Gallup և ՀՍԱ սոցհարցում
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ ընտրազանգվածի ավելի քան մեկ երրորդը նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի։ Այդ մասին վկայում են Baltic Surveys/The Gallup Otganization–ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) կողմից անցկացված սոցիոլոգիալական հարցման արդյունքները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Baltic Surveys/The Gallup Otganization–ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն, դեկտեմբերի 5–16–ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցմանը մասնակցել է Հայաստանի ողջ տարածքից 1020 չափահաս քաղաքացի։

Ըստ նրա` «Ու՞մ օգտին եք քվեարկելու 2013թ.–ի փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններին» հարցին պատասխանողների 49 տոկոսը նշել է գործող նախագահի անունը, իսկ քանի որ հարցումն անցկացնելու շրջանում դեռ հայտնի չէր, որ Ծառուկյանը հրաժարվելու է նախագահական մրցավազքին մասնակցությունից, նրա օգտին պատրաստ էր քվեարկել պատասխանողների 21 տոկոսը։

Միաժամանակ հարցվածների 36 տոկոսը, որ մտադիր էր քվեարկել ԲՀԿ առաջնորդի օգտին, նշել են ՀՀ գործող նախագահի անունը` որպես Ծառուկյանի այլընտրանք` պատասխանելով այն հարցին, թե ու՞մ օգտին կտան իրենց ձայնը, եթե Ծառուկյանը չմասնակցի ընտրություններին։

Հարցման համաձայն` Ծառուկյանի պոտենցիալ ընտրողների 13 տոկոսը պատրաստ է քվեարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին, 9 տոկոսը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, անկախ Հայաստանի ԱԳՆ առաջին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, 4 տոկոսը` առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին։

Պատասխանողների 18 տոկոսը, ովքեր պատրաստվում էին քվեարկել ԲՀԿ առաջնորդի օգտին, նշել են մյուս թեկնածուների անունները, իսկ 20 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։

Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 12–ին ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստում հայտարարեց, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնի համար։ Ներածական խոսքում Ծառուկյանը հայտնեց նաև, որ չի սատարելու թեկնածուներից և ոչ մեկին։

Հարցման համաձայն` հարցվածների 42 տոկոսը հստակ կմասնակցի ընտրություններին, 36 տոկոսը` հավանաբար կմասնակցի, 7 տոկոսը` հաստատ չի գնա ընտրություններին, 11 տոկոսը` հավանաբար չի մասնակցի, իսկ 4 տոկոսը` դեռ չի կողմնորոշվել։

Սոցհարցումն անցկացվել է «Հայաստանի նախագահական ընտրություններ. հասարակական կարծիքի հարցում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Armnews հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երեք սոցհարցում` դեկտեմբերին, հունվարին, ընտրությունների նախօրեին, ինչպես նաև էկզիտ փոլ` ընտրությունների օրը։ Հարցումներն անցկացնում են Baltic Surveys/The Gallup Otganization–ը և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան (ՀՍԱ)։ --0--