Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ սադրանքներից

21.06.2019, 11:36
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ցանկացած տեսակի սադրիչ գործողություններից։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ սադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ցանկացած տեսակի սադրիչ գործողություններից։

«Ափսոսանքով նշելով վերջին կորուստները` համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղությանը և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի վերականգնման համար»,– ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, որը հրապարակվել է նախօրեին Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումից հետո։

Միջնորդները կոչ են արել կողմերին հաստատել հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանելու իրենց պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, ներառյալ դիպուկահարների օգտագործումը և ինժեներական աշխատանքների կատարումը շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), հունիսի 20–ին Վաշինգտոնում խորհրդատվություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զորաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։

Սկզբում անցկացվել են առանձին հանդիպումներ, իսկ այնուհետև` նախարարների հետ համատեղ։ Նրանք նաև իրազեկել են ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին տեղերում տիրող իրավիճակի և կարգավորման բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ։

Քննարկումների ընթացքում մասնակիցները կարծիքներ են փոխանակել վերջին իրադարձությունների և կարգավորման գործընթացի հիմնական հարցերի վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարները պարզաբանել են իրենց դիրքորոշումները և սպասումները մարդասիրական քայլերի և անվտանգության իրականացման մասով, որոնք առաջարկվել են միջնորդների կողմից տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի ժամանակ։
Համանախագահների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարները համաձայնել են առկա ուղիղ կապի միջոցները ողջ ծավալով օգտագործելու կարևորության հետ` էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար արագ արձագանքելու նպատակով։ ԱԳՆ ղեկավարները նաև պայմանավորվել ենյ համանախագահների հովանու ներքո առաջիկայում հանդիպելու ուղղությամբ։ -0-