ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական և վտանգավոր քաղաքականության վրա

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական և վտանգավոր քաղաքականության վրա

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակը՝ ակնհայտորեն հակառակվելով ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ միջնորդ երկրների ղեկավարների բազմաթիվ հորդորներին։

«Չնայած միջազգային հանրության արդեն հասցեական դարձող կոչերին` Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը, շինծու մեղադրանքներով հետապնդելով և բանտարկելով հաշտեցման ու խաղաղության օգտին արտահայտվող ադրբեջանցիներին, ինչը չի նպաստում բանակցություններում դրական մթնոլորտի ձևավորմանը», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են երկրի ներսում կուտակած կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ և «ջանում են որոշ երկրներից կորզել հայտարարություններ, որոնք, գլխիվայր շուռ տալով բանակցային գործընթացի բովանդակությունը, վնասում են դրանց առաջընթացին:

Վերջում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:01 23.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×