Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԵՄ–ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և օգտագործում է բոլոր հնարավորությունները` ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու համար. Զալբեր

09.02.2015, 21:29
Եվրամիությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն, երկուշաբթի Երևանում ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՄ–ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և օգտագործում է բոլոր հնարավորությունները` ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու համար. Զալբեր
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Եվրամիությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն, երկուշաբթի Երևանում ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, նրա խոսքով, ԵՄ–ն զսպվածության և հրադադարի պայմանները հարգելու համապատասխան ուղերձներ կհղի։

«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում հաճախակիացած սադրիչ գործողություններին և լարվածության աճին: Հանրապետության նախագահի համոզմամբ` Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաև լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»,– ասվում է հաղորդման մեջ։

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և, իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը` հույս հայտնելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Հերբերտ Զալբերը նշել է, թե օգտվում է տարածաշրջան այցերի հնարավորությունից՝ ընդարձակելու իր շփումները կառավարական և ոչ կառավարական շրջանակների հետ, որը միտված է հիմքեր ստեղծելու, որպեսզի ԵՄ-ն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատման հարցում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-