Հայաստանը ԵՏՄ–ին միանալուց հետո ՌԴ շուկայում կզբաղեցնի մոլդովական արտադրանքի տեղը. ԵՏՀ նախարար
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանը կկարողանա զբաղեցնել այն տեղը, որը նախկինում ռուսական շուկայում զբաղեցնում էր Մոլդովան, ուրբաթ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան Մինսկում։
«Եթե վերցնենք պտուղ–բանջարեղենային արտադրանքը, ապա մի շարք ցուցանիշներով Հայաստանը և Մոլդովան նման են` ոգելից խմիչքներ, պտուղ–բանջարեղեն։ Իհարկե, այժմ զգալիորեն շահում են հայ արտադրողները, որովհետև նրանք կսկսեն իրենց արտադրանքը մատակարարել առանց լրացուցիչ վերահսկողության նույն հավաստագրերով։ Եվ, անշուշտ, մոլդովացի արտադրողների գրաված տեղի մի մասը կվերցնեն»,– ասել է Վալովայան լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուրբաթ Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը։ Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կստորագրվի պայմանագիր միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ։
Վալովայան նշել է, որ շուկաների վերակողմնորոշումն ունի տնտեսական պատճառներ, և որպես օրինակ բերել է Ուկրաինայի իրավիճակը, որի առևտրաշրջանառությունը ՄՄ երկրների (Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի) հետ վերջին տարիներին կրճատվել է։
«Երբ մենք ստեղծում ենք Եվրասիական տնտեսական միությունը, ապա մեր բիզնեսն առանց որևէ քաղաքական պարտադրանքի սկսում է վերակողմնորոշվել միության ներսում, որովհետև չունի սահմաններ, չունի ձևակերպում։ Եվ երբ մենք վերցնում ենք, ենթադրենք, Ուկրաինայի հետ վիճակագրությունը, ապա նույնիսկ նախքան այս ողբերգական իրադարձությունները տեսնում ենք, թե որքան է կրճատվել Ուկրաինայի հետ առևտուրը։ Որովհետև բազմաթիվ ցուցանիշներով, ասենք, Ուկրաինան և Բելառուսը հավասար են արտադրանքի մատակարարումների տեսանկյունից, և սպառողները Մաքսային միության երկրներում վերակողմնորոշվել են Բելառուսի կողմը, որովհետև դա առանց սահմանների է և առանց մաքսային ձևակերպման»,– ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչը։ «Ոչ մի քաղաքականություն, սա զուտ տնտեսություն է։ Այդ պատճառով էլ նույնը կարող է և, հավանաբար, կկատարվի Մոլդովայի հետ»,– ավելացրել է Վալովայան։
Նա հիշեցրել է, որ Մոլդովան 2011 թվականին միացել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին, որում, սակայն կա մի կետ, որը պաշտպանող քայլեր է նախատեսում այն դեպքում, եթե պայմանագրի մասնակիցներից որևէ մեկը միանա այլ տնտեսական միությունների։ Հենց այդ էլ, նրա խոսքով, կատարվել է Մոլդովայի նկատմամբ նրանից հետո, երբ երկիրը հունիսի վերջին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:13 10.10.2014