Հայաստանը չի կարող ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքել` գտնվելով ԵՏՄ-ում. Եվրանեսթի ԽՎ համանախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի կարող Ասոցացման մասին համաձայնագիր կնքել Եվրամիության հետ` լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը (Ուկրաինա)։
«Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն։ Անհնար է գտնվել ԵՏՄ-ում և ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել», - ասաց Տարասյուկը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանը և Եվրամիությունը մտադիր են համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի ԵՄ «Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակում, որի մեջ ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։ Նրա խոսքերով` առևտրատնտեսական ոլորտի` արդեն քննարկված փաստաթղթերում անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություններ կատարել, որոնք կբացառեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և ԵՄ հետ հնարավոր համաձայնությունների դեպքում առաջացող հակասությունները։
Եվրանեսթ ԽՎ մյուս համանախագահ Հեյդի Հաուտալան ընդգծեց, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ նոր համաձայնություն ստորագրելու վերաբերյալ, որը կվերաբերի «քաղաքական մասին»։
«Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, թե ինչու է Հայաստանն ընտրել Եվրասիական ինտեգրացիան», - ավելացրեց նա։
Այդ կապակցությամբ նա կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակել է աջակցել անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կայացմանը։
«Այդ կապակցությամբ պարզ է մեկ բան. Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ», - ընդգծեց նա։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն առաջին անգամ է անցկացվում Երևանում։ Այն մեկնարկել է մարտի 17–ին և կավարտվի այսօր։ Նստաշրջանի օրակարգը ներառում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների չորս հիմնական զեկույցները, որոնք վերաբերում են 2014–2020 թթ.–ին համագործակցության հարցերին «Եվրոպական հարևանության» ծրագրի և «Արևելյան գործընկերության» շրջանակում, ինչպես նաև հաղորդակցական, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության հարցերին, այդ թվում` էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։
Նիստի ընթացում, մասնավորապես, ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև և մի շարք այլ փաստաթղթեր։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:34 18.03.2015