Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը դրա լուծման նախապայմանն է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

12.07.2012, 17:01
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։ 

«Անհետաձգելի միջոցառումների իրականացման ակնհայտ անհրաժեշտություն կա, որը կկայունացնի մտահոգություն առաջացնող իրավիճակը և կկանխի հետագայում անընդունելի մարդկային կորուստները»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Զանիերը։ 

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող գործընթացներին և խնդրի խաղաղ կարգավորման աջակցությանն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը։ 

Զանիերը մտահոգություն հայտնեց միջադեպերի հետ կապված, որոնց ժամանակ թիրախ են դառնում շփման գծին մոտ բնակվող քաղաքացիները։ 

«Երկու կողմերը պետք է զերծ մնան պատասխան գործողություններից, որոնք հետագա սրման են կհանգեցնեն, ինչպես նաև պետք է շփման գծից դուրս բերեն դիպուկահարներին։ Դա է իմ ուղերձը, որը ես ներկայացրեցի նաև Բաքվում»,- ասել է  Զանիերը։  

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև, որ Կազմակերպության առաջնահերթությունն է  վստահության միջոցների, այդ թվում՝ հակամարտող կողմերի միջև մարդկային շփումներին աջակցումը, որի վերաբերյալ Սոչիում պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ 

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Զանիերի հետ բանակցությունների ընթացքում համակարծիք են եղել, որ ղարաբաղյան հարցը միայն խաղաղ լուծում ունի։ 

«Եվ որքան շուտ բոլորը հասկանան դա, և ինչպես նշում են համանախագահ երկրների ղեկավարները, որքան շուտ սկսեն նախապատրաստել հանրությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին, այդքան արագ հնարավոր կլինի կարգավորման հանգել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ բանակցություններն այլընտրանք չունեն, իսկ Հայաստանը կշարունակի  խնդրի արագ լուծմանն ուղղված բանակցություններն ու ջանքերը։ 

Միաժամանակ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ի պատասխան մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալու անհրաժեշտության մասին ՄԽ համանախագահների հայտարարություններին, ադրբեջանական ղեկավարությունը հայտարարում է, որ մտադիր չէ որևէ զիջումների գնալ։ 

Որպես օրինակ նա նշել է, որ երբ Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարները հստակ հայտարարեցին, որ քաղաքական բանակցությունների ճանապարհով հակամարտության լուծումն այլընտրանք չունի, մեկ շաբաթ անց ամենաբարձր ղեկավարության մակարդակով ադրբեջանական կողմը հայտարարեց այն ամսին, որ ինքը գնել, գնում և շարունակելու է ավելի շատ զենք ու զինամթերք գնել։ 

«Համանախագահներն առաջարկում են միջադեպերի հետաքննության, դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ռեժիմի ամրապնդման, խնդրի կարգավորման պայմանների ստեղծման համար մեխանիզմ ստեղծել, իսկ ադրբեջանցիներն ասում են, որ ոչ մեխանիզմ ստեղծելու, ոչ դիպուկահարներին դուրս բերելու, ոչ էլ ռեժիմն ամրապնդելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ, երբ (հարցը) կարգավորվի, դրա անհրաժեշտությունը չի լինի»,- ասել է նա։ 

Նալբանդյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս հնչել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ 

«Յուրաքանչյուր հայտարարությունից հետո Հայաստանի կողմից  համապատասխան նույնանման արձագանք է հնչել, որ մենք ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը, համանախագահ երկրների կողմից, և պատրաստ ենք դրանց հիման վրա գնալ կարգավորման ճանապարհով։ Մինչ օրս ոչ մի հայտարարությամբ մենք նման պատրաստակամություն չենք տեսել Ադրբեջանի կողմից։ Նրանք որևէ դրույթից մի մաս են առանձնացնում (համատեքստից) և միջազգային հանրության սեփական մեկնաբանությունն են տալիս»,- ասել է նա։ 

Հենց այդ պատճառով, ըստ Նալբանդյանի, Ադրբեջանում հանրության մեծ մասը պատերազմի է տրամադրված։ 

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում պատերազմին տրամադրված շատ մարդիկ կան։ Հայաստանում ճնշող մեծամասնությունը խաղաղության է ձգտում»,- ընդգծել է նա։ -0-