Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած զգալի ավանդի համար իսրայելցի գիտնականին ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել

26.05.2014, 15:24
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած զգալի ավանդի համար իսրայելցի գիտնական Յահուր Աուրոնին ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել, հայտնում է հայկական պետության մամուլի ծառայությունը։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած զգալի ավանդի համար իսրայելցի գիտնականին ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած զգալի ավանդի համար իսրայելցի գիտնական Յահուր Աուրոնին ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել, հայտնում է հայկական պետության մամուլի ծառայությունը։

Աուրոնին մրցանակը շնորհվել է «Սիոնիզմ և Հայոց ցեղասպանություն» գրքի և բազմամյա գիտական գործունեության համար։

Պետության ղեկավարը կարևորել է, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը հատուկ տեղ է հատկացվում։

«Առանձնահատուկ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից մուտք գործելով՝ մենք ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը «Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու» անվանակարգով»,– ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը:

Նրա խոսքով` հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը:

Երկրի ղեկավարը հիշել է պետության համար երկու կարևոր անուն` մեկը Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երկրորդը լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը:

«Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնականներից շատ առաջ են անցնում»,– ասել է Սարգսյանը։

Նախագահի խոսքով` պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին:

«Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում: Դուք՝ Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից»,– ասել է նախագահը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-