Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնալու է նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան. Սարգսյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնալու է նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ ի հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի և համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի կառավարության ընդունելությունների տանը սկսված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում նախագահն ընդգծեց, որ ըստ հայեցակարգի՝ միջոցառումները պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների:

«Հիշողություն... Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ: Երախտագիտություն... Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով»,– ասաց Սարգսյանը։

«Միջազգային պայքար... Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք գաղափարախոսության առաջամարտիկ»,– ավելացրեց նա։

Պետության ղեկավարն ընդգծեց, որ ոգեկոչելով նահատակներին և մեծարելով հերոսներին՝ հայերը նաև անդրադարձ են կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում ձեռքբերումներին և նվաճումներին:

«Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք»,– ասաց նա։

100-րդ տարելիցի առանցքներից է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումը՝ սրբադասելու Հայոց ցեղասպանության նահատակներին և մարտիրոսներին:

Հայ Առաքելական Եկեղեցու որոշման համաձայն` Հայոց ցեղասպանության մարտիրոսների և զոհերի սրբադասման արարողությունը կկայանա այս տարվա ապրիլի 23–ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

«Ես շատ եմ կարևորում, որ Սրբադասման արարողակարգի ժամանակ մենք հանդես գանք համազգային համախմբման և վերելքի դիրքերից: Հիրավի, միավորող պետք է լինի ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում զանգերի ղողանջը և գուժկանի 100 հարվածը, դրանից անմիջապես հետո հայտարարվելիք լռության րոպեն»,– ընդգծեց նա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:25 29.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×