ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցման միջադեպը քննարկման թեմա կդառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցման միջադեպը քննարկման թեմա կդառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում, ուրբաթ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ ԼՂՀ ՊՆ–ն նոյեմբերի 12–ին տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խոցել են Ղարաբաղի ՄԻ–24 ուղղաթիռը, որը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, և ուղղաթիռի կախոցի վրա ոչ մի սպառազինություն չէր եղել։ Շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ ԶՈւ–ի զինծառայողները հատուկ օպերացիայի ընթացքում տարհանել են ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները։ Հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին։ Զրուցակիցները քննարկել են նաև դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992 թ.–ի մայիսի 15–ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀԱՊԿ մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Ուզբեկստանը 2012 թ.–ի հունիսի վերջին հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը կազմակերպության գործունեության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:50 28.11.2014