Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայ փորձագետը բացառել է Սաֆարովին Բաքվին արտահանձնելուց հետո Ղարաբաղի գոտում լայնածավալ պատերազմի հավանականությունը

07.09.2012, 15:31
Հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի հավանականությունը բացառվում է, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հայ փորձագետը բացառել է Սաֆարովին Բաքվին արտահանձնելուց հետո Ղարաբաղի գոտում լայնածավալ պատերազմի հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի հավանականությունը բացառվում է, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Ես տրամաբանություն չեմ տեսնում Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մեջ այն ժամանակ, երբ հանցագործն արդեն իրենց է հանձնվել»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում նշեց Ջամալյանը:

Ըստ փորձագետի՝ որոշակի տրամաբանություն կարող էր լինել, եթե այդ պայմաններում հայկական կողմը անհեռատեսություն ցուցաբերեր և պատերազմ սկսեր, սակայն Հայաստանը նման մտադրություններ չունի:

Նա ասաց նաև, որ հայ հասարակության մեջ Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին տարածվող խոսակցությունները պայմանավորված են այն մտահոգությամբ, որ հակառակորդ կողմը կարող է օգտվել  հանցագործի արտահանձնման և ներման հետ կապված` Հայաստանի բնակչության շրջանում առաջացած հուզումներից:

Ջամալյանը նշեց, որ պատերազմ սկսելու համար ուժերի հարաբերակցությունների արմատական փոփոխություն է անհրաժեշտ: Տվյալ պահին, ըստ նրա գնահատականի՝ ուժերի հարաբերակցությունները չեն փոխվել, իսկ հայկական և արցախյան բանակի ռազմական պատրաստակամությունը բարձր մակարդակի վրա  է գտնվում: Ջամալյանը նշեց, որ հայկական կողմը կարող է «անհրաժեշտության դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին» և այսօրվա դրությամբ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերն առավել մարտունակ են, քան երբևէ»:

«Բացի այդ, Ղարաբաղի Պաշտպանական բանակում այնպիսի կառուցվածքային  ստորաբաժանումներ են ստեղծվել, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հզոր հարվածող ուժ դառնալ»,- ավելացրեց նա: --0--