Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ն շահագրգռված չեն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունները վերսկսվեն. փորձագետ

27.06.2013, 14:47
Հայաստանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ–երկրները շահագրգռված չեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հարցում, ասաց Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտ Սերգեյ Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ն շահագրգռված չեն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունները վերսկսվեն. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ–երկրները շահագրգռված չեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հարցում, ասաց Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտ Սերգեյ Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Ակնհայտ է, որ ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ–ն, և ոչ էլ առավելևս Հայաստանը շահագրգռված չեն պատերազմական գործողությունների վերսկսման հարցում»,– հունիսի 26–27–ը Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» համաժողովից հետո ասաց Մինասյանը։

Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու վերաբերյալ փորձագետը նշեց, որ պաշտոնական Մոսկվան պետք է զգուշություն ցուցաբերի հակամարտող կողմերի ռազմատեխնիկական հավասարակշռության պահպանման գործում։

Հունիսի 18–ին ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել Ադրբեջանին ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի խմբաքանակի մատակարարումների մասին, որը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։

«Ռուսաստանը հիանալի հասկանում է, որ ռազմատեխնիկական հավասարակշռությունը պետք է պահպանվի, քանի որ հենց դա է հակամարտության գոտում պատերազմական գործողություններ չսկսելու գրավականը»,– ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ ռուսական կողմը գիտակցում է դա, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանին մատակարարած ռուսական զենքը կարող է նաև օգտագործվել Հայաստանում տեղակայված  ռուսական ռազմակայանների դեմ։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: 2013թ.–ին ՀԱՊԿ–ի բոլոր կանոնադրական մարմինները նախագահում է Ղրղըզստանը։ Մինչև 2012թ.–ի ամառը կազմակերպության կազմում ընդգրկված էր նաև Ուզբեկստանը, սակայն ներկա պահին դադարեցրել է իր անդամակցությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-