Հայաստանի նախագահն այցով կմեկնի Բելգիա
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում նախատեսված են նախագահի հանդիպումները ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Բրյուսելում նախատեսված է նաև Նախագահ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում, ինչպես նաև հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ:
Հանրապետության նախագահն աշխատանքային այցի շրջանակում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ: -0-